+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Ի՞նչ է հարկադիր էլեկտրոնային աճուրդը։

 Հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ Ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է Ծառայությունը՝ կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան:

Ի՞նչ է լոտը:

Լոտը աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք է, որն ունի համապատասխան նկարագրություն:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունք, որի վրա արգելանք է դրվել կատարողական գործողությունների արդյունքում՝ դրա իրացմամբ կատարման ենթակա ակտերի պահանջի կատարումն ապահովելու նպատակով։

Ինչպե՞ս են կազմակերպվում հարկադիր էլեկտրոնային աճուրդները:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդն իրականացվում է էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աճուրդի www.ajurd.am էլեկտրոնային կայքի միջոցով կազմակերպվող սակարկություններով։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդը կազմակերպում և անցկացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ դատարանի կողմից տրված կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան:

Ինչպե՞ս կարող եմ մասնակցել աճուրդին:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք Հարկադիր կատարումն
ապահովող ծառայության աճուրդի www.ajurd.am կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և
ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում
կամ վճարում ծառայության դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին (900013288031) և գրանցվում են
համակարգում՝ ստանալով օգտանուն։ Այնուհետև օգտատերը մուտք է գործում համակարգ՝ ներմուծելով
օգտանունը և գաղտնաբառը։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անցկացվում է լոտի մեկնարկային գնի
հավելմամբ։ Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը
պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով:
Մասնակիցն իրավունք ունի գնային առաջարկներ կատարել մինչև տվյալ լոտի ավարտը։
Ելնելով լոտի մեկնարկային գնից` սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետևյալ
չափերը.
լոտի մեկնարկային գինը մինչև 100.000 դրամ լինելու դեպքում նվազագույն հավելման չափը
սահմանվում է 500 դրամ,
100.001-500.000 դրամի դեպքում` 1.000 դրամ,
500.001-1.000.000 դրամի դեպքում` 10.000 դրամ,
1.000.001-10.000.000 դրամի դեպքում` 50.000 դրամ,
10.000.000-ից ավելիի դեպքում` 100.000 դրամ:

Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը։ Հաղթողը
որոշվում է համակարգի միջոցով: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը
ապասառեցվում է, իսկ կանխիկ վճարված կամ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը
վերադարձվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հարկադիր էլեկտրոնային աճուրդին:

Հարկադիր Էլեկտրոնային աճուրդին գրանցվել կարող եք ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աճուրդի կազմակերպման կամ մարզային բաժիններ այցելելով:

Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ աճուրդների մասին և ովքե՞ր կարող են մասնակցել դրանց:

Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է http://harkadir.ajurd.am/ կայքում՝
պարտապանին և պահանջատիրոջը հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու վերաբերյալ հարկադիր
կատարողի որոշման մասին պատշաճ ծանուցելուց հետո` 10-օրյա ժամկետում` աշխատանքային օրերին և
ժամերին։
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները։

Ինչպե՞ս և որտե՞ղ կարող եմ վճարել նախավճարը:

Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարը սառեցնում
է առցանց վճարման համակարգի միջոցով, վճարում Ծառայության դրամարկղ կամ փոխանցում դեպոզիտ հաշվին՝
նշելով վճարման նպատակը (էլ. աճուրդի նախավճար՝ նշելով նախընտրած լոտի համարը, վճարումն այլ անձի
փոխարեն կատարելու դեպքում՝ նաև աճուրդին մասնակցող անձի անունը, ազգանունը)։ Հարկադիր կատարումն
ապահովող ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդի բանկային հաշիվն է 900013288031:

Ինչպե՞ս է սահմանվում աճուրդի հանված գույքի արժեքը և կազմը:

Աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր
կատարողը՝ նախապես գնահատելով լոտի արժեքը։ Վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է
գնահատված լոտի գնի 75%-ի չափով։ Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային
արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է
հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով։ Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է
համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է
Կառավարությունը։

Ինչպե՞ս է ընթանում և վերահսկվում աճուրդների գործընթացը:

Էլեկտրոնային աճուրդի ողջ ընթացքը՝ աճուրդի մեկնարկից մինչև ցանկացած հիմքով ավարտ, վերահսկվում
է ծրագրային ապահովման միջոցով։ Աճուրդային գործընթացին մարդկային որևէ միջամտություն չկա: Աճուրդն
իրականացվում է օրենքի պահանջներին համապատասխան․ այն կարող է կասեցվել կամ գույքը լոտացուցակից
հանվել միայն օրենքով նախատեսված դեպքերում (օրինակ՝ միայն կատարողական վարույթը կարճելու, կասեցնելու
կամ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ որոշման հիման վրա)։

Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում
տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա
համապատասխան ժամը: Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային
առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից: Աճուրդի
ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի
մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Հաղթող է ճանաչվում
ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:

Ի՞նչ է կրկնաճուրդը:

Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է
կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը:
Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով,
ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ
աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը
չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում:
Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չվճարվելու կամ
առուվաճառքի պայմանագիրը չստորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում:
Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերն աճուրդի
ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ
աճուրդի մեկնարկային գնով` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Միևնույն պարտապանի գույքի
նկատմամբ բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական թերթերի, այդ թվում՝ նոտարի կողմից
տրված կատարողական մակագրության թերթերի (բացառությամբ պետական տուրքի բռնագանձման) առկայության
դեպքում լոտը պահանջատերերին չի հանձնվում, և աճուրդային գործընթացը շարունակվում է:

Պարտապանը կարո՞ղ է մասնակցել իրեն պատկանող գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդին:

Աճուրդին մասնակցել կարող են ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ այդ թվում նաև կատարողական
վարույթի կողմերը՝ պարտապանը և պահանջատերը, ինչպես նաև համայնքները։

Ո՞ր գույքը չի կարող իրացվել հարկադիր էլեկտրոնային աճուրդով։

Հարկադիր էլեկտրոնային աճուրդով չեն կարող իրացվել «Դատական ակտերի հարկադիր կատարման
մասին» օրենքի 51-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացի-պարտապանին պատկանող հետևյալ գույքերը`
1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաները, հագուստեղենը, կոշկեղենը,
սպիտակեղենը, անկողնային և մանկական պարագաները, բացառությամբ պերճանքի առարկաների և այն
առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական
արժեք․
2) պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաները, ձեռնարկները ու
գրքերը, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի
գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից
կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

3) պարտապանի ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիները (2
միավոր), ընտանի թռչունները (10 միավոր), ինչպես նաև գյուղատնտեսությունը որպես հիմնական զբաղմունք
ունեցող պարտապաններին պատկանող անասնակերը և հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուն.
4) մինչև 5 000 դրամ արժողությամբ գույքը, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.
5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ, ինչպես նաև նրանց հնարավորություններին
հարմարեցված փոխադրամիջոցները, վերականգնման տեխնիկական միջոցները և այլ օժանդակ պարագաները,
որոնց օգտագործումը պայմանավորված է պարտապանի հնարավորություններով.
6) միակ այն բնակարանը (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող
տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժինը, որը պարտապանի
համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված
նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության
որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության
սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար
նախատեսված նվազագույն գումարը, որը ենթակա է վերադարձման պարտապանին.
8) որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքը:
Վերոնշյալ դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ՝
1) գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար.
2) բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված
վնասների հատուցման պահանջները.
3) հայցի ապահովման, վճռի կատարման ապահովման կամ պարտապանի գույքի վրա արգելանք դնելու
մասին վարչական մարմնի որոշման կատարման փուլում պարտապանին սեփականության իրավունքով պատկանել
է մեկից ավելի բնակարան (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ
հողամաս և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցներ) կամ դրա բաժին, և պարտապանը հետագայում
օտարել է դրանք՝ պահպանելով սեփականության իրավունքը մեկ բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ
միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների)
կամ դրա բաժնի նկատմամբ:

Աճուրդի կայացումից հետո ինչպե՞ս է իրականացվում գործարքի ձևակերպումը և կատարումը (վճարում, պայմանագրի կնքում, սեփականության իրավունքի գրանցում և այլն):

Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 3 աշխատանքային օրվա
ընթացքում Ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ վճարել լոտի գնման գինը` հաշվանցելով
նախավճարը:
Աճուրդում հաղթած մասնակիցը լոտի գնման գինը մուծելու դեպքում հաշվանցում է նաև նախօրոք որպես
հարկային գործակալ վճարած եկամտային հարկը` ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող
փաստաթուղթ: Եթե հաղթողը չի վճարում գնման արժեքը, նախավճարը չի վերադարձվում և մնում է Ծառայության
դեպոզիտ հաշվին: Հաղթողի՝ վճարում կատարելուց և գումարը փաստացի Ծառայության դեպոզիտ հաշվին
մուտքագրվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի
հետ կնքում է առք ու վաճառքի պայմանագիր: Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքվելու
դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է Ծառայության դեպոզիտ հաշվին:

Անշարժ գույքի, ինչպես նաև այլ գույքի, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման
(օրինակ՝ տրանսպորտային միջոց), սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին օրենքով սահմանված
ժամկետում ենթակա է պետական գրանցման՝ հարկադիր կատարողի հետ կնքված առուվաճառքի պայմանագրի
հիման վրա:
Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է գրանցման աճուրդում
հաղթող անձի հետ առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային
օրվա ընթացքում, իսկ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը՝ հարկադիր կատարողի հետ
առուվաճառքի պայմանագիրը ստորագրելու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում:
Վերը նշված ժամկետները չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության։ Նման գործարքն առ
ոչինչ է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի («Գույքի նկատմամբ իրավունքների պետական
գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդված, մաս 6․1, «Ճանապարհային երթևեկության անվտանգության
ապահովման մասին» օրենքի հոդվածի 13-րդ հոդված, մաս 10, կետ 2)։

Աճուրդը չկայանալու դեպքում ինչպե՞ս է շարունակվում գործընթացը:

Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ 3-րդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է
կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին նոր ծանուցում։ Եթե աճուրդը չի կայացել գնորդ
չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ
կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված
մեկնարկային գնի 10%-ի չափով։ 15-րդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի
մեկնարկային գինը չի իջեցվում։

Աճուրդի գործընթացին հնարավո՞ր է մարդկային որևէ միջամտություն։

Հարկադիր էլեկտրոնային աճուրդը իրականացվում է էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ, և
մարդկային որևէ միջամտություն բացառված է:

Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել Աճուրդի կազմակերպման բաժնի հետ։

Աճուրդի կազմակերպման բաժնի հետ կարող եք կապ հաստատել կայքի «Կապ» պատուհանում նշված
ցանկացած եղանակով՝ էլեկտրոնային հարցումների միասնական՝ https://e-request.am/hy հարթակի միջոցով,
կայքի «Կապ» պատուհանի միջոցով հաղորդագրություն ուղարկելով կամ զանգահարելով հետևալ
հեռախոսահամարներով՝ (010) 34-17-00 և (060) 713-438 /ներքին՝ 00161, 00162, 00164/:

Ինչպե՞ս կարող եմ բողոքարկել հարկադիր էլեկտրոնային աճուրդին առնչվող որոշումները, գործողությունները կամ անգործությունը։

Կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողի՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդին
առնչվող որոշումները, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել վերադասության կարգով՝
Ծառայության տվյալ բաժնի պետին, իսկ բաժնի պետի որոշումները, գործողությունները կամ անգործությունը
վերադասության կարգով կարող են բողոքարկվել Գլխավոր հարկադիր կատարողին։
Աճուրդի կազմակերպման գործընթացին առնչվող՝ Աճուրդի կազմակերպման բաժնի աշխատակիցների
գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել Աճուրդի կազմակերպման բաժնի պետին, իսկ
պետի Աճուրդի կազմակերպման բաժնի պետի որոշումները, գործողությունները կամ անգործությունը
վերադասության կարգով կարող են բողոքարկվել Գլխավոր հարկադիր կատարողին։

Բողոքները կարող են ներկայացվել էլեկտրոնային հարցումների միասնական https://e-
request.am/hy/ հարթակի միջոցով, ինչպես նաև թղթային եղանակով։

Աճուրդի ժամանակ ինձ մոտ տեխնիկական խնդիր առաջանալիս ի՞նչ պետք է անեմ, ինչպե՞ս տեղեկացնեմ։ Արդյո՞ք այն կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի իմ մասնակցության հայտը չեղարկվի:

Աճուրդի մասնակցության ժամանակ հարց կամ տեխնիկական խնդիր առաջանալու դեպքում կարող եք կապ
հաստատել աճուրդի կազմակերպման բաժնի հետ՝ կայքի «Կապ» պատուհանում նշված որևէ եղանակով:
Տեխնիկական խնդիրն ուսումնասիրվում և խնդրին լուծում է տրվում անհապաղ՝ նախքան աճուրդի ավարտվելը,
հետևաբար՝ մասնակցության հայտը չի չեղարկվում:

Ինչպե՞ս կարող եմ հետևել ինձ հետաքրքրող լոտերի աճուրդներին:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված լոտերը հրապարակված են Ծառայության աճուրդի
www.ajurd.am էլեկտրոնային կայքում, որտեղ կարող եք նաև բաժանորդագրվել Ձեզ հետաքրքրող լոտերին՝
սեղմելով կայքի էջի ներքևում առկա «բաժանորդագրվեք հիմա» դաշտին և նշելով հետաքրքող գույքի
կատեգորիան և հատկանիշները, որի դեպքում տվյալ տեսակի գույք աճուրդի ներկայացվելու դեպքում Ձեր կողմից
նշված էլեկտրոնային փոստի հասցեին ինքնաշխատ եղանակով կստանաք համապատասխան ծանուցումը:

Ինչպիսի՞ ընթացակարգ է նախատեսված առուվաճառքի պայմանագրի կնքման համար:

Աճուրդում հաղթած մասնակիցն օրենքով սահմանված ժամկետներում լոտի գնման գինը վճարելուց և
գումարը փաստացի Ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում,
հարկադիր կատարողի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր: Հաղթողի կողմից նշված ժամկետում
պայմանագիր չկնքելու դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է Ծառայության
դեպոզիտ հաշվին: Ընդ որում, եթե աճուրդով ձեռք բերված գույքն անշարժ գույք է, հարկադիր էլեկտրոնային
աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ
տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու
պարտականությունը, որը ձեռք է բերում Կադաստրի կոմիտե համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:
Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման։ Նոտարական
ծառայությունների, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերը կրում է
աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը: Շարժական գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքվում է հարկադիր
կատարողի կողմից և նոտարական վավերացում չի պահանջում:

Ու՞մ և ինչպե՞ս կարելի է դիմել հարկադիր կատարողի կողմից առուվաճառքի պայմանագրի կնքման ընթացակարգի խախտման դեպքում, երբ համապատասխան վճարումը կատարելուց հետո հարկադիր կատարողի հետ կապ հաստատելն անհնարին է։

Հաղթող ճանաչվելուց հետո հարկադիր կատարողի մասին տեղեկատվությունն ուղարկվում է հաղթողի
կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
Այնուհետև հաղթող մասնակիցն օրենքով սահմանված ժամկետներում գնման գինը վճարելուց և այն
փաստացի Ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրվելուց հետո կապ է հաստատում տվյալ վարույթն
իրականացնող հարկադիր կատարողի հետ։ Հարկադիր կատարողի հետ կապ հաստատելու անհնարինության

դեպքում հաղթող մասնակիցը կարող է դիմել Ծառայության Երևան քաղաքի կամ մարզային համապատասխան
բաժնի պետին կամ բաժնի պետի տեղակալին՝ էլեկտրոնային հարցումների միասնական՝ https://e-
request.am/hy/ հարթակի միջոցով։
Հաղթողի կողմից օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում պայմանագիր չկնքելու դեպքում գնման գինը
վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է Ծառայության դեպոզիտ հաշվին:

Արդյո՞ք հնարավոր է աճուրդին մասնակցելուց առաջ ուսումնասիրել լոտը:

Լոտի ուսումնասիրման հնարավորությունների մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է
կապ հաստատել համապատասխան հարկադիր կատարողի հետ ։
Երևան քաղաքի և մարզային բաժինների հեռախոսահամարներն ու հասցեները հասանելի են Ծառայության
պաշտոնական կայքի «Հասցեներ և հեռախոսահամարներ» ենթապատուհանում, ինչպես նաև հարկադիր
էլեկտրոնային աճուրդի կայքի լոտերի նկարագրում նշված՝ «Աճուրդի ձևը և անցկացման կարգը» պատուհանում։

Արդյո՞ք աճուրդը կարող է ճանաչվել անվավեր և որո՞նք են անվավերության հետևանքները:

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված
կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել
անվավեր:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր
էլեկտրոնային աճուրդ` «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր
ճանաչվելու դեպքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում գնած գույքի նկատմամբ դատարանի վճռի
հիման վրա վերականգնվում են պարտապանի սեփականության իրավունքը, իրացման հետևանքով գույքի
նկատմամբ դադարած այլ իրավունքները և արգելանքները, իսկ պահանջատերը, հարկադիր կատարողը և
պարտապանը լոտի վաճառքից ստացված գումարներն իրենց ստացած չափով վերադարձնում են գնորդին:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր
ճանաչվելու դեպքում հարկադիր կատարողը տասնօրյա ժամկետում իրականացնում է օրենքով նախատեսված լոտի
գնահատմանն ուղղված գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջատերերի պահանջները
բավարարվել են, կամ պարտապանն ունի իրացման գործընթացում գտնվող այլ գույք:

scroll
+374 60 713438